ՀՀ և ՌԴ պաշտոնյաները քննարկել են երկաթուղային ենթակառուցվածքների հարցեր
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալ Դմիտրի Զվերևի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են «Գյումրի–Ախուրիկ–Թուրքիայի Հանրապետության սահման» և «Երասխ–Ադրբեջանի Հանրապետության Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահման» երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման և շինարարության հարցերը։ Անդրադարձ է կատարվել նաև ավտոմոբիլային տրանսպորտի և օդային փոխադրումների ոլորտներում համագործակցությանը։
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել քննարկումները։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ առաջարկել էր ռուս գործընկերներին Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը վաճառել Երևանի և Մոսկվայի համար բարեկամ երկրի։ Նա նաև բարձրացրել էր Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանային երկաթուղային հանգույցների վերականգնման հարցը, որոնք չեն գործում 1990-ականների սկզբից։
Հայկական երկաթուղիները 2008 թվականի փետրվարին 30 տարով կոնցեսիոն կառավարման են հանձնվել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը՝ ևս 10 տարի երկարաձգելու իրավունքով։

