Սումգայիթի ջարդերի տարելիցին Մայր տաճարում կատարվել է հոգեհանգստյան կարգ
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նախագահությամբ, հանգստյան ժամերգության ավարտին, Մայր աթոռ Սուրբ Էջմիածինի Մայր տաճարում կատարվել է հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ 1988 թվականին Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված սումգայիթյան ջարդերի զոհերի։ Այս մասին տեղեկացրել է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
Հայտարարության համաձայն՝ եկեղեցականաց դասը և ներկա հավատավոր ժողովուրդը աղոթք են բարձրացրել առ Աստված՝ կոտորածի ենթարկված անմեղ հայորդիների հոգիների խաղաղության և հանգստության համար։
Հիշեցվում է, որ 1988 թվականի փետրվարի 26-29-ը, Բաքվից մոտ 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում սկսվել են հայ բնակչության նկատմամբ բռնություններ, որոնք ուղեկցվել են ունեցվածքի զանգվածային թալանով և ոչնչացմամբ։
Պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 26 հայ, ոչ պաշտոնական տվյալներով՝ զոհերի թիվը հասնում է մի քանի հարյուրի։

