Արդյոք մահացել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը․ ի՞նչ է հայտնի
Իսրայելի մի քանի լրատվամիջոցներ, այդ թվում՝ 9-րդ ալիքը, հղում անելով հետախուզական իրենց աղբյուրներին, հայտնել են, որ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին սպանվել է։ Ըստ այդ հրապարակումների՝ նրա դին հայտնաբերվել է Թեհրանում գտնվող նստավայրի փլատակների տակից։
Տեղեկությունը պաշտոնապես հաստատված չէ։ Իրանի արտաքին գործերի նախարարությունից հայտարարել են, որ այաթոլլան անվտանգ վայրում է։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հեռուստաուղերձում նշել է, որ «կան բազմաթիվ նշաններ», ըստ որոնց Խամենեին այլևս ողջ չէ։ Նա հայտարարել է, որ հարվածների թիրախում է եղել այն վայրը, որտեղ գտնվել է Իրանի առաջնորդը։ Նա նշել է նաև, որ տեսել է Ալի Խամենեիի մարմինը։ ԱՄՆ-ում էլ Իսրայելի դեսպանն է հաստատել Խամենեիի մահը։
Նեթանյահուն նաև դիմել է իրանցիներին՝ ասելով, որ հարվածները կօգնեն նրանց «ազատվել բռնապետությունից», և կոչ արել դուրս գալ փողոցներ՝ «ավարտին հասցնելու սկսածը»։ Նա հավելել է, որ Իրանի դեմ հարվածները կշարունակվեն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ լինի
Միևնույն ժամանակ համացանցում տեսանյութեր են տարածվում այն մասին, որ Իրանում մարդիկ արդեն տոնում են Խամենեիի մահը։
Այնուամենայնիվ Թեհրանի քաղաքային խորհրդի անդամ Մեյսամ Մոզաֆարը հայտնել է, որ մահացել են Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի փեսան և հարսը։ Իրանական մի շարք այլ լրատվամիջոցներ ևս հղում են անում Մոզաֆարին, սակայն պետական ԶԼՄ–ները նման լուր չեն հայտնում։ Ըստ իրանական աղբյուրների` Խամենեին գտնվում է օպերատիվ շտաբում և ղեկավարում է ռազմական գործողությունները։

