Վերաբացվում է բնակարանային աջակցության ծրագիրը

Կառավարությունն առաջադրել է նոր նախագիծ, որով վերաբացվում է սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը: Նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման՝ e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում։

Ծրագրի շրջանակում ընտանիքներին տրամադրվում է 16 միլիոն ՀՀ դրամ՝ սահմանամերձ գյուղական բնակավայրերում տուն կառուցելու նպատակով:

Ծրագրից կարող են օգտվել՝ 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ շինարարության թույլտվություն ստացած կամ հողամաս ձեռք բերած և ծրագրի գործող պայմաններին բավարարող ընտանիքները, շահառուները, որոնք տուն կկառուցեն այն սահմանամերձ բնակավայրերում, որտեղ բնակչության և շահառուների հարաբերակցությունը փոքր է 10%-ից՝ ապահովելով 10%-ի ցուցանիշը. յուրաքանչյուր բնակավայրի համար նվազագույն քվոտան 10 է, այն շահառուները, որոնք տուն կկառուցեն այն բնակավայրերում, որտեղ կառուցված կամ կառուցվող դպրոցներում ազատ տեղերը գերազանցում են 50%-ը՝ ապահովելով ազատ տեղերի 20%-ի չափով համալրվածություն. յուրաքանչյուր բնակավայրի համար նվազագույն քվոտան 10 է։

Ծրագիրը նպատակ ունի խթանելու բնակչության տարածքային հավասարակշռված զարգացումը, աջակցել սահմանամերձ համայնքներում բնակվող ընտանիքներին և նպաստել կրթական ենթակառուցվածքների արդյունավետ օգտագործմանը:

Մարինա Գրիգորյան