Մասյացոտնի թեմը չի ընդունում Գևորգ եպիսկոպոս Սարոյանին

Մասյացոտնի թեմի հոգևորականները անհամաձայնություն և մտահոգություն են հայտնել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ընդունած միջանկյալ որոշման վերաբերյալ, որով, նրանց պնդմամբ, փաստացի պարտադրվում է որպես թեմի առաջնորդ ճանաչել կարգալույծ հռչակված նախկին Գևորգ եպիսկոպոս Սարոյանին։ Հայտարարության համաձայն՝ եկեղեցական կանոններով նա այլևս աշխարհական անձ է՝ Արման Սարոյան անունով։ Այս մասին նշված է թեմի ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարությունում։

Հոգևորականները հայտարարում են, որ դատարանի որոշումն անհամատեղելի է Եկեղեցու կանոնական կյանքի և իրենց քահանայական կոչման հետ։ Նրանց ձևակերպմամբ՝ եպիսկոպոսական իշխանությունը շնորհվում և իրականացվում է միայն եկեղեցական կարգի և իրավասու եկեղեցական իշխանության հետ հաղորդության շրջանակում, իսկ կարգալույծ հռչակվելուց հետո անձը զրկվում է եպիսկոպոսական իշխանություն իրականացնելու իրավունքից։

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ որևէ աշխարհիկ որոշում չի կարող փոխել այդ կարգավիճակը, և թեմի առաջնորդությունը, ըստ հոգևորականների, նախ և առաջ հոգևոր ծառայություն է, որը ենթադրում է կանոնական լիազորություն և Եկեղեցու՝ իշխանության կողմից ճանաչում։

Թեմի ներկայացուցիչները շեշտում են, որ խնդիրը ունի նաև խղճի և դավանանքի ազատության բաղադրիչ։ Նրանք պնդում են, որ դատարանի որոշման իրականացումը հակասում է իրենց խղճին, դավանանքին և եկեղեցաբանական համոզմունքին, և այն անհամատեղելի է իրենց ստանձնած եկեղեցական պարտավորությունների հետ։

Հայտարարությունում հղում է արվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիային՝ ընդգծելով, որ դրանք երաշխավորում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարման իրավունքը, և պետությունը չի կարող միջամտել Եկեղեցու ներքին կյանքին։

Ամփոփելով՝ թեմի հոգևորականները հայտարարում են, որ դատարանի որոշման իրականացումը իրենց կողմից դառնում է անհնարին՝ այն համարելով հակականոնական և հակաեկեղեցական պարտադրանք։