Բարձր արտադրողականությամբ ԱԲ սարքավորումները Հայաստանում են
Eleveight AI ընկերությունը տեղեկացրել է, որ Հայաստան է հասել բարձր արտադրողականությամբ ԱԲ (AI) սարքավորումների առաջին խմբաքանակը։ Այս մատակարարումը կարևոր քայլ է ՀՀ կառավարության «AI գործարանների պարտեզ» հայեցակարգի կյանքի կոչման և երկրի հաջորդ սերնդի ԱԲ տվյալների ենթակառուցվածքի իրականացման ճանապարհին։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նշել է, որ սա ավելին է, քան պարզապես մատակարարում. այն տեսլականի իրագործումն է և վճռական քայլ՝ ապագայի տեխնոլոգիաների ձևավորման մեջ Հայաստանի տեղը սահմանելու ճանապարհին։ Նախարարի խոսքով՝ նոր ենթակառուցվածքը կհզորացնի հաշվարկային կարողությունները և կխթանի թվային փոխակերպումը թե՛ հանրային, թե՛ մասնավոր հատվածներում։
Eleveight AI-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Արման Ալեքսանյանը նշել է, որ այս մատակարարումը բեկումնային պահ է՝ իրական քայլ Հայաստանը համաշխարհային ԱԲ հաբ դարձնելու տեսլականի իրագործման ճանապարհին։ Նա ընդգծել է, որ սարքավորումները հիմք կհանդիսանան GPU բարձր խտությամբ հաշվարկային աշխատանքների համար։

