Երևանը պաշտոնապես չի արձագանքել Խամենեիի սպանությանը, բայց Փաշինյանը ցավակցել է Իրանի նախագահին

Պաշտոնական Երևանը առանձին հայտարարությամբ դեռևս չի ցավակցել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանության կապակցությամբ։

Մարտի 2-ին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, անդրադառնալով հարցին, նշել է, որ ինքը Անվտանգության խորհրդի անդամ չէ և չի մեկնաբանի, թե ինչու մինչ այս չի եղել համապատասխան հայտարարություն։

Միաժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Իրանի ղեկավարության և քաղաքացիների շրջանում գրանցված զոհերի կապակցությամբ։

Վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության համաձայն՝ Փաշինյանը նշել է, որ մեծ անհանգստությամբ է հետևում Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին։ Նա ցավակցություն է հայտնել զոհերի կապակցությամբ։ Փաշինյանը ընդգծել է, որ մշտապես կհիշեն Ալի Խամենեիի անձնական դերը Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացման գործում և հույս է հայտնել, որ Մերձավոր Արևելքում շուտափույթ կհաստատվի խաղաղություն և կայունություն։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական գործողություններ են սկսել Իրանի դեմ։ Իրանը, իր հերթին, հարվածներ է հասցնում տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին և Իսրայելին։ Ռազմական գործողությունները տարածվել են նաև Մերձավոր Արևելքի այլ երկրների վրա։