Հորմուզի նեղուցում նավերի ակտիվությունը նվազել է 70 տոկոսով

Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի ֆոնին Հորմուզի նեղուցի շրջանում նավերի ակտիվությունը կրճատվել է շուրջ 70 տոկոսով։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է MarineTrafficը՝ նավերին իրական ժամանակում հետևելու միջազգային առցանց ծառայությունը։

Նույն աղբյուրի տվյալներով՝ ռազմավարական ծովային միջանցքով տարանցումը սկսել է նվազել փետրվարի 28-ից։

Ավելի վաղ դանիական Maersk նավագնացային և լոգիստիկ ընկերությունը հայտարարել էր Սուեզի ջրանցքով և Բաբ էլ-Մանդեբի նեղուցով տրանզիտային փոխադրումների ժամանակավոր դադարեցման մասին։

Վերջին երեք օրերին տարածաշրջանում արձանագրվել է լոգիստիկ շղթաների զգալի վերակառուցում։ Ակնառու փոփոխություններ են տեղի ունեցել հատկապես ծովային անվտանգության ռիսկերի վերաբերյալ նախազգուշացումների հրապարակումից հետո։

Հորմուզի նեղուցը ռազմավարական նշանակություն ունի ինչպես տարածաշրջանի երկրների ռազմական անվտանգության, այնպես էլ համաշխարհային առևտրի համար։ Այն միակ ծովային անցումն է դեպի Պարսից ծոց ռազմական և առևտրային նավերի համար, և այս երթուղով իրականացվող էներգակիրների մատակարարումներից կախված են բազմաթիվ ներմուծող և արտահանող երկրներ։