«Թել-Սել», «Իզիպեյ» և «Իդրամ» տերմինալներով կրկին հնարավոր է վճարել հեռահաղորդակցության ծառայությունների համար

«Թել-Սել», «Իզի Փեյ», «Իդրամ» և «Ֆասթ Շիֆթ» վճարային տերմինալներով կրկին հնարավոր է կատարել հեռահաղորդակցության ծառայությունների վճարումներ։

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի որոշմամբ՝ մինչև վարույթի վերջնական որոշումը «Յուքոմ» ՓԲԸ, «Վիվա Արմենիա» ՓԲԸ և «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ ընկերությունների նկատմամբ կիրառվել է միջանկյալ միջոց։

Հանձնաժողովը հանձնարարել է ապահովել, որ սպառողները շարունակեն վճարումներ կատարել բջջային կապի, ինտերնետի և այլ հեռահաղորդակցության ծառայությունների դիմաց՝ շարունակելով կիրառել ֆիքսված չափի միջնորդավճարներ։

Հիշեցնենք, որ հունվարի վերջին հեռահաղորդակցության օպերատորները տեղեկացրել էին, որ փետրվարի 1-ից Հայաստանի վճարային տերմինալների մեծ մասում կդադարեցվի հանրապետության 3 բջջային օպերատորներից 2-ի՝ «Viva Armenia»-ի և «Team Telecom»-ի հաշիվների վճարումը։