Մարտի 1-ի գործով ևս 3 մեղադրյալ կա

2026 թվականի մարտի 6-ին դատախազը, հաստատված մեղադրական եզրակացությամբ,դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով ևս երեք մեղադրյալների՝ 2008 թվականին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային գնդի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Մելքոնյանի, նրա տեղակալ Վալերիյ Օսիպյանի և նույն գնդի վաշտի հրամանատար Կարեն Մովսիսյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը։

Նշված պաշտոնատար անձինք, ոստիկանության պետի տեղակալի և իրենց ենթակա ստորաբաժանումների ծառայողների հետ հանցակցությամբ, 2008 թվականի մարտի 1-ին՝ ժամը 06:30-ի սահմաններում, դուրս են եկել իրենց լիազորությունների շրջանակից և բռնությամբ, ապօրինի հատուկ միջոցների կիրառմամբ ցրել են նստացույցը՝ ստիպելով հարյուրավոր ցուցարարներին հեռանալ վրաններից։

Հիշեցնենք, որ 2026 թվականի մարտի 3-ին դատարան էր ուղարկվել Մարտի 1-ի մեկ այլ մեղադրյալ՝ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Հովհաննես Թամամյանի գործը։ Իսկ 2026 թվականի հունվարի 9-ին՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, դատարան է հանձվել նաև ոստիկանության նախկին պետի տեղակալ Սաշա Աֆյանի գործը։

Մարտի 1-ի դեպքերի հետաքննության շրջանակում շարունակվում է մեղադրյալների նկատմամբ դատարան ներկայացվող քրեական վարույթների գործընթացը։

Մարինա Գրիգորյան