Մանկավարժական համալսարանի նախկին ռեկտորի և պրոռեկտորի գործով նախաքննությունն ավարտվել է

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի նախկին ռեկտորի, պրոռեկտորի և ևս մի շարք աշխատակիցների վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է։

Հակակոռուպցիոն կոմիտեի իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ համալսարանի պաշտոնատար անձինք, օգտագործելով իրենց ծառայողական լիազորությունները, խմբի կազմում և նախնական համաձայնությամբ ստացել են առանձնապես խոշոր չափերի կաշառք։

Մասնավորապես, ըստ նախաքննության տվյալների, համալսարանի նախկին պրոռեկտորը՝ ռեկտորի իմացությամբ, տրանսպորտային բաժնի պետին և համալսարանի ենթակայությամբ գործող «Աղավնաձոր» ուսումնական բազայի տնօրենին առաջարկել է իրենց փոխանցել կաշառք՝ հյուրերի ընդունման և հանգստի կազմակերպման արդյունքում ստացված, հիմնադրամի հաշվեկշռում մուտքագրված գումարները տնօրինելու դիմաց։

Բացի այդ՝ համալսարանի պաշտոնատար անձինք կաշառք են պահանջել և ստացել նաև հիմնադրամի հաշվեկշիռ մուտքագրման ենթակա վարձավճարները տնօրինելու, հիմնադրամի կողմից ստեղծված ընկերության գործունեությունը ապօրինի ղեկավարելու և դրա արդյունքում ստացված գումարները տնօրինելու, ինչպես նաև համալսարանի աշխատակիցներին համատեղությամբ այլ պաշտոնների նշանակելու դիմաց։

Նախաքննության տվյալներով՝ նշված գործողությունների արդյունքում համալսարանի պաշտոնատար անձինք որպես կաշառք ստացել են առանձնապես խոշոր չափերի գումար՝ շուրջ 18 միլիոն դրամ։ Բացի այդ՝ արձանագրվել են նաև ծառայողական լիազորությունների չարաշահման հետևանքով մոտ 12 միլիոն դրամի հափշտակության դեպքեր։ Արդյունքում՝ ընդհանուր շուրջ 30 միլիոն դրամ չի մուտքագրվել համալսարանի հաշվեկշիռ։

Ռեկտորին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, այդ թվում՝ կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Պրոռեկտորին ևս մեղադրանք է առաջադրվել մի քանի հոդվածներով՝ կաշառք ստանալու, լիազորությունների չարաշահման և այլ հանցավոր գործողությունների համար։

Բացի նրանցից՝ համալսարանի ևս ութ աշխատակիցների մեղադրանք է ներկայացվել կաշառք տալու, կաշառք ստանալուն օժանդակելու և խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար։

Մարինա Գրիգորյան