ՔԿՀ-ներում հայտնաբերվել են արգելված իրեր

Քրեակատարողական ծառայությունը կանխում է հիմնարկներ թմրամիջոցների և արգելված այլ իրերի ներթափանցումը, ինչպես նաև ազատազրկված անձանց կողմից դրանց պահումն ու ապօրինի շրջանառությունը։

Ծառայության փոխանցմամբ՝ 2026 թվականի փետրվարին Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժինների, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկների անվտանգության և պահպանության ապահովման ստորաբաժանումների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են մի շարք արգելված իրեր։

Մասնավորապես՝ հայտնաբերվել է 22,9 գրամ թմրամիջոցների նմանվող զանգված, 146 բջջային հեռախոս, 198 բջջային հեռախոսի պարագա, 6 wi-fi սարք, 12 կտրող-ծակող առարկա, ինչպես նաև 66 լիտր ինքնաշեն ոգելից խմիչք և այլ արգելված իրեր։

Բոլոր հայտնաբերված դեպքերի առնչությամբ նախաձեռնվել են քրեական, վարչական և կարգապահական վարույթներ, ինչպես նաև նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ։

Քրեակատարողական ծառայությունը քաղաքացիներին կրկին հորդորում է խստորեն պահպանել քրեակատարողական հիմնարկներ այցելելու համար սահմանված օրենքի պահանջները և զերծ մնալ անօրինական գործողություններից։

Մարինա Գրիգորյան