Քաղաքական ճնշումների մանրամասները. ԱՀԾ-ն պարզաբանում է

Արտաքին հետախուզական ծառայությունը պատասխանել է լրատվամիջոցներից մեկի հարցումներին՝ պարզաբանելով մարտի 10-ի իր հայտարարության շուրջ առաջացած քննարկումները։

Հայտարարության հիմնական նպատակն, ըստ ԱՀԾ-ի, եղել է քաղաքացիներին իրազեկելը «առերևույթ ապօրինի գործընթացների» մասին, որոնք ուղղված են ՀՀ քաղաքացիների վրա ճնշումներ գործադրելուն՝ մղելով նրանց աջակցություն ցուցաբերել ընդդիմադիր որոշ քաղաքական ուժերի։ Ծառայությունը ընդգծել է, որ իր հրապարակումները հստակ մանրամասներ չեն պարունակում՝ պահպանելու սեփական գործունեության, աղբյուրների և մեթոդների գաղտնիությունը, սակայն ՀՀ իրավասու մարմինները մշտապես ստանում են հստակ օպերատիվ տեղեկություններ։

ԱՀԾ-ից փոխանցել են նաև, որ հայտարարությունն ընդունելի է դիտարկել որպես պետության և նրա քաղաքացիների դեմ ուղղված արտաքին վտանգների կանխարգելման և հակազդման միջոցառում։ Ծառայությունը պարզաբանել է, որ իր մանդատն օրենքով սահմանված է և կախված չէ քաղաքական ուժերի դասավորությունից կամ ցանկություններից։

Հայտարարության հիման վրա ՀՀ Քննչական կոմիտեն քրեական վարույթ է սկսել՝ նշելով, որ քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ, խոշոր գործարարներ և քրեական հեղինակություններ փորձել են ճնշում գործադրել՝ հանդես գալով «այլ երկրի հատուկ ծառայությունների անունից»: ԱՀԾ-ն հաստատել է, որ գոյություն ունի ընտրություններին արտաքին միջամտության ռիսկ։

Հիշեցնենք, որ մարտի 10-ին ԱՀԾ-ն հայտնել էր, որ տարբեր դերակատարներ՝ այլ երկրի հատուկ ծառայությունների անունից, ճնշում են գործադրում հայազգի և ՀՀ քաղաքացիների նկատմամբ՝ մղելով նրանց աջակցություն ցուցաբերել Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական որոշ ուժերին։ Նույն օրը ոստիկանությունը, հիմնվելով ԱՀԾ-ի հայտարարության վրա, հաղորդում էր ուղարկել Քննչական կոմիտե, որն անմիջապես նախաձեռնել էր քրեական վարույթ։

Մարինա Գրիգորյան