Սյունիքի նախկին մարզպետը դատի է տվել Արմեն Խաչատրյանին ֆեյսբուքյան գրառման պատճառով
Սյունիքի նախկին մարզպետ և ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Վահե Հակոբյանը դատական հայց է ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանի դեմ։ Տեղեկությունը իմանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Վահե Հակոբյանը պահանջում է, որպեսզի Արմեն Խաչատրյանը հերքի ֆեյսբուքյան գրառման մեջ իր մասին նշված տվյալները, որոնք, ըստ հայցադիմումի, զրպարտություն են համարվում։ Գրառումը Խաչատրյանը կատարել էր՝ անդրադառնալով դատախազության ներկայացրած ապօրինի գույքի բռնագանձման պահանջին։
Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ դատախազությունը պահանջում է Վահե Հակոբյանից բռնագանձել շարժական ու անշարժ գույք և մոտ 21 միլիոն ԱՄՆ դոլար գումար։
2020 թվականի պատերազմից հետո, օգտվելով երկրում ստեղծված վիճակից, փորձում էր Սյունիքը դարձնել պետության դեմ պայքարի օջախ և պառակտել երկիրը․․․Ահա թե ինչու էր Վահե Հակոբյանն արմատական ընդիմադիր դարձել և կատաղի պայքար մղում պետության դեմ. գիտեր, որ երկրից և ժողովրդից թալանածը հետ պիտի տար, գիտեր, որ պետությունը մեխանիզմներ է ստեղծում, որով բոլոր գողոնները մի օր վերադարձվելու են, — նշված է Խաչատրյանի գրառման մեջ։
Վահե Հակոբյանը պահանջում է հրապարակավ հերքում և 1 միլիոն ՀՀ դրամ՝ որպես զրպարտության դիմաց վնասի փոխհատուցում։
Հայցադիմումը ստացվել է մարտի 13-ին և մակագրվել Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Գայանե Մազմանյանին։

