Սահմանադրության՝ ԶԼՄ-ներում շրջանառվող նախագիծը պաշտոնական չէ

Արդարադատության նախարարությունը հանդես է եկել պարզաբանմամբ՝ անդրադառնալով լրատվամիջոցներում տարածված նոր Սահմանադրության նախագծին վերաբերող հրապարակումներին։ Գերատեսչությունը նշում է, որ շրջանառվող տեքստը չի հանդիսանում այն փաստաթուղթը, որը նախատեսվում է ներկայացնել որպես պաշտոնական նախագիծ։

Նախարարության փոխանցմամբ՝ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը շարունակում է իր աշխատանքները ակտիվ քննարկումների և վերլուծությունների փուլում։ Ընթացիկ գործընթացում փաստաթուղթը ենթարկվում է շարունակական փոփոխությունների՝ ներառյալ ինչպես բովանդակային ճշգրտումներ, այնպես էլ խմբագրական վերանայումներ։

Նշվում է, որ այս փուլում գոյություն ունեն աշխատանքային բազմաթիվ տարբերակներ, այդ թվում՝ նաև սևագիր նախագծեր և գործող Սահմանադրության տարբեր դրույթների վերլուծական մշակումներ, որոնք չեն կարող համարվել վերջնական կամ հաստատված տարբերակ։ Այդպիսի նյութերի հրապարակումն ու տարածումը կարող են թյուր պատկերացում ձևավորել հանրությանշրջանում։

Արդարադատության նախարարությունը կոչ է անում հանրությանը և լրատվամիջոցներին առաջնորդվել բացառապես պաշտոնական տեղեկատվությամբ և զերծ մնալ չստուգված տվյալների տարածումից։ Գերատեսչությունը վստահեցնում է, որ նոր Սահմանադրության նախագիծը կներկայացվի հանրությանը պաշտոնական հրապարակման միջոցով՝ համապատասխան փուլում։

Մարինա Գրիգորյան