ԱԺ-ն սահմանափակեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին հողերի անհատույց տրամադրումը
ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով սահմանափակվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին հողատարածքների անհատույց սեփականության իրավունքով տրամադրումը։
Նախագիծը ներկայացրել էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ Այն ընդունվեց 67 կողմ, 26 դեմ և 3 ձեռնպահ ձայներով։ Ձեռնպահ քվեարկեցին պատգամավորներ Հակոբ Ասլանյանը, Հովիկ Աղազարյանը և Գեղամ Նազարյանը։
Քննարկման ընթացքում ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը նշեց, որ փոփոխությունները ուղղված չեն եկեղեցու դեմ, այլ նպատակ ունեն կարգավորել հողային սեփականության հարաբերությունները։
Մինչ փոփոխությունը, Հողային օրենսգրքի համաձայն՝ պետության և համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերը կարող էին անհատույց սեփականության իրավունքով տրամադրվել Հայաստանյայց առաքելական եկեղեցուն՝ եկեղեցիների և եկեղեցապատկան կառույցների կառուցման և սպասարկման նպատակով։
Ըստ ընդունված փոփոխությունների՝ այսուհետ հողատարածքները եկեղեցուն կտրամադրվեն միայն օգտագործման իրավունքով, այլ ոչ թե սեփականության։

