Կառավարությունը կաջակցի խաղող վերամշակող ընկերություններին

2025 թվականին առնվազն 10 հազար տոննա խաղող մթերած կազմակերպությունները կկարողանան օգտվել արտոնյալ պայմաններով վարկերից:

Յուրաքանչյուր ընկերության համար սահմանված վարկի առավելագույն չափը 1 մլրդ դրամ է՝ առավելագույնը 14 տոկոս տարեկան տոկոսադրույքով, որի 10 տոկոսը սուբսիդավորվում է պետության կողմից։ Վարկերի մարման առավելագույն ժամկետը 48 ամիս է, իսկ մայր գումարի վճարումն արտոնյալ՝ մինչև 24 ամիս։

Ծրագրի նպատակն է մեղմել 2025 թվականին հայկական շշալցված կոնյակի արտահանման զգալի կրճատումը, որը նախորդ տարվա համեմատ նվազել է շուրջ 23 տոկոսով։ Հիմնական պատճառը Վրաստանի նոր մաքսային պահանջներն են. ապրիլի 17-ից սկսած, հայկական բեռնատարները, որոնք տարանցում են կոնյակ Վրաստանի տարածքով, կանգնեցվում են՝ նմուշներ վերցնելու համար, իսկ բեռնատարները մաքսային տերմինալներում մնում են 10-ից 49 օր։ Այս ընթացքում ընկերությունները ստիպված են լրացուցիչ ծախսեր կատարել, չեն հասցնում ժամանակին մատակարարել ապրանքը վաճառքի կետերը, ինչի արդյունքում ենթարկվում են տուգանքների և հաճախ կորցնում հետագայում մատակարարելու իրավունքը։

Ծրագիրն ընդգրկում է նաև բյուջետային երաշխիքներ. եթե ընկերության մոտ վարկի ապահովման միջոցները բավարար չեն, Կառավարությունը կարող է տրամադրել մինչև 50%-ի չափով երաշխիք։ Այս մոտեցումը թույլ է տալիս տնտեսվարողներին շարունակել բնականոն գործունեությունը և պահպանել արտահանման բնականոն հոսքը։

Նախարարությունը նշում է, որ ծրագիրը ուղղված է հատկապես մեծածավալ կոնյակ արտադրողներին, քանի որ նրանք հիմնականում մեծ քանակությամբ խաղող մթերող կազմակերպություններ են և հենց նրանք են առավել զգայուն առևտրային խնդիրների առջև, որոնք առաջացել են արտահանման ծավալների կրճատումից։

Վարկերի նպատակն է ապահովել ընկերությունների աշխատակիցների աշխատավարձերի, հարկերի և պարտադիր վճարումների վճարման հնարավորությունը, ինչը կփրկի տնտեսվարողներին ֆինանսական լճացումներից և կպահպանի ոլորտի կայունությունը։