
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյին հայ բռնցքամարտիկները իրենց նորամուտը նշեցին հաղթանակով
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ IBA Champions’ Night բռնցքամարտի երեկոն։
Երեկոյի առաջին մենամարտում Ռուսաստանը ներկայացնող Դավիդ Ձուկաևը հաղթանակի հասավ Ուզբեկիստանի ներկայացուցիչ Ռախմատուլո Բոյմատովի նկատմամբ։
Պրոֆեսիոնալ ռինգում իրենց նորամուտը նշեցին Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիրներ Արթուր Բազեյանը (2022թ.), Բարեղամ Հարությունյանը (2024թ.), Ռաֆայել Հովհաննիսյանը (2022թ.) և աշխարհի գավաթի փոխչեմպիոն, օլիմպիական խաղերի մասնակից Դավիթ Չալոյանը (2024թ.):
Արթուր Բազեյանը, Ռաֆայել Հովհաննիսյանն ու Դավիթ Չալոյանը իրենց նորամուտը պրոֆեսիոնալ ռինգում նշեցին հաղթանակով։ Վերջինս կարողացավ 2-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտի միջոցով ժամանակից շուտ հաղթել։ 35-ամյա Բարեղամ Հարությունյանը պարտություն կրեց։
Հաղթանակից հետո Չալոյանը գոհ էր իր մենամարտից:
Չէի նախատեսել, որ կկարողանամ նոկաուտով հաղթել։ Վստահ էի, որ հաղթելու եմ։ Այդպես էլ եղավ։
Երեկոյի գլխավոր մենամարտում ռուս Մուրատ Գասիևը մրցեց դանիացի Կեմ Յունգվիստի դեմ։ 6-րդ ռաունդում Հայաստանի քաղաքացիություն ստացած բռնցքամարտիկը տեխնիակական նոկաուտ գրանցեց՝ պարտության մատնելով անպարտելի դանիացուն։
Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը նշեց, որ նման երեկոները մեծ հետաքրքրություն են առաջացնում։
Սա օգնում է մեր բռնցքամարտիկներին։ Նման երեկոներ կփորձենք շատ բերել Հայաստան։
Ֆեդերացիայի նախագահը հավելեց նաև, որ Հայաստանը հայտ է ներկայացրել անցկացնելու Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունը, որտեղից վերջերս Հայաստանը վերադարձավ 5 մեդալով։
ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը նշեց, որ տպավորություն ստացավ հայ բռնցքամարտիկների խաղից։
Կրկին տեսա այն նույն Դավիթ Չալոյանին, ում տեսել էի աշխարհի գավաթի ժամանակ։ Ռաֆայել Հովհաննիսյանն անվախ մենամարտելու հմտություն ունի։ Արթուր Բազեյանը նոկաուտի ենթարկեց։ Նրան մեծ ապագա է սպասվում։ Բարեղամ Հարությունյանը արագ էր, սակայն մրցակցին օգնեց փորձառու լինելը։