
Նախատեսվում է աջակցություն ցուցաբերել 11 ազգային փոքրամասնությունների
Կառավարությունը նախատեսում է աջակցություն ցուցաբերել 11 ազգային փոքրամասնությունների և նրանց հետ փոխկապակցված 15 հասարակական կազմակերպության։ Այս մասին 2025 թվականի Պետական բյուջեի քննարկման ժամանակ հայտարարել է Արայիկ Հարությունյանը։
Նա նշել է, որ ազգային փոքրամասնությունների աջակցության ծրագիրը գտնվում է վարչապետի աշխատակազմում, և անընդհատ բարեփոխումներ են արվում այդ դաշտում։
Այս տարի ազգային փոքրամասնությունների համար բյուջեով նախատեսված է եղել 20 միլիոն դրամ։ Մենք դա ավելացրել ենք և դարձրել 25 միլիոն։ Դա նշանակում է, որ նշված ծրագրերը շարունակական են լինելու։ Այդ միջոցառումների բովանդակությունը քննարկվում է ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նիստերում, որի գործունեությունը կարևոր նշանակություն ունի ազգային փոքրամասնությունների խնդիրների վերհանման և դրանց լուծման ուղղությամբ, — ասել է Հարությունյանը։
2024 թվականի նկատմամբ աճը պայմանավորված է կիրակնօրյա դպրոցների, ամառային ճամբարների կազմակերպմամբ, ինչպես նաև ամսաթերթերի, կայքերի և տարբեր հրատարակությունների ֆինանսավորմամբ։