
Հայաստանում ծխախոտի սպառումը շարունակում է խնդիր մնալ
Ծխախոտի սպառման բարձր մակարդակը շարունակում է լուրջ խնդիր մնալ Հայաստանում, թեև վերջին տարիներին այս ոլորտում իրականացվել են հակածխախոտային որոշակի բարեփոխումներ։ 2025 թվականի Պետական բյուջեի քննարկման ժամանակ այս թեմայով իր մտահոգությունն է հայտնել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Ծխելու մասով Հայաստանը, ցավոք սրտի, դեռ շարունակում է մնալ առաջատար։ Մեր երկրում տղամարդկանց 52 տոկոսը ծխում է։ Սա շատ վատ ցուցանիշ է։
Վերջին տարիներին Հայաստանում օրենքի բարեփոխումներ են արվել՝ կապված ծխախոտի սպառման հետ։ Նոր կարգերի համաձայն՝ ծխելը արգելված է հանրային և փակ տարածքներում։ Որոշակի սահմանափակումներ կան նաև գովազդների հետ կապված։
Անահիտ Ավանեսյանը նշեց նաև, որ հոգեբանական աջակցության ծրագիր է ստեղծվել, որը քաղաքացիներին օգնում է հրաժարվել ծխախոտից։ Բացի այդ՝ օգտագործվում են նաև դեղորայքային փոխարինիչներ, որոնք օգնում են հաղթահարել ծխախոտից կախվածությունը։ Սրանց հիմնական նպատակը ծխախոտի սպառումը նվազեցնելն է։