ԱրցախՍոցիալական

Արցախից բռնի տեղահանվածների համար աջակցության նորացված ծրագիր կգործի

2025 թվականից Արցախից բռնի տեղահանվածների համար Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը աջակցության նորացված ծրագիր կգործարկի։ 

Ծրագրի նպատակն է Արցախից բռնի տեղահանվածների կեցության և այլ ծախսերը հոգալը։ Ծրագիրը նախատեսվում է իրականացնել հետևյալ ձևաչափով․ 2025 թվականի հունվարից մարտ ամիսներին նրանց կտրամադրվի 50․000 դրամ աջակցություն՝ նույն շահառու խմբերի համար։ 

Ապրիլից սկսած ծրագրի շահառու կարող են դառնալ այն անձինք, ովքեր փաստացի բնակվում են ՀՀ-ում, հաշվառված են ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից և՝

-ունեն 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճան,

-63 և ավելի տարեկան են,

-ստանում են կերակրողին կորցնելու դեպքում նպաստ,

-մինչև 18 տարեկան երեխա են։

Սոցիալական աջակցության ամսական չափը յուրաքանչյուր շահառուի համար նախատեսվում է՝

-2025 թ. ապրիլ ամսվանից մինչև հունիս ամիսը ներառյալ՝ 40,000 դրամ,

-2025 թ․ հուլիս ամսվանից մինչև դեկտեմբեր ամիսը ներառյալ՝ 30,000 դրամ:

Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի տվյալներով Հայաստան է գաղթել ավելի քան 115 հազար արցախցի։ Հոկտեմբերի 10-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 5600 անձ դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։ 3611 անձի շնորհվել է ՀՀ քաղաքացիություն։