ՀայաստանՍպորտ

Մերոնք՝ դրսում․ նախորդ շաբաթ արտերկրում հանդես եկող հայ ֆուտբոլիստները 5 գոլ են խփել

Նոյեմբեր ամիսը արդյունավետ սկիզբ էր արտերկրում հանդես եկող հայ ֆուտբոլիստների համար։ Նրանք իրենց թիմերում ոչ միայն մեկնարկային կազմում էին ու ամբողջական հանդիպում էին անցկացնում, այլև գոլերով էին աչքի ընկնում։

Անդրե Կալիզիրը նախորդ շաբաթ շվեդական «Բրոմապոյկարնայի» կազմում մեկ հանդիպման է մասնակցել։ Հայ պաշտպանը 63 րոպե է անցկացրել Շվեդիայի առաջնության 29-րդ տուրում՝ «Վարնամոյի» դեմ խաղում (0:1)։ 

Հայաստանի հավաքականի և «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը մասնակցել է ռուսական Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի՝ «Ռուբինի» դեմ հաղթական խաղին (1:0)։ Հատկանշական է, որ այդ խաղում Հայաստանի հավաքականի երեք ֆուտբոլիստ կար խաղադաշտում։ Նաիր Թիկնիզյանի խաղընկեր Էդգար Սևիկյանը մասնակցել է «Ռուբինի» դեմ խաղին։ Հայ ֆուտբոլիստը 56-րդ րոպեին փոխարինվել է։ Ուգոչուկվու Իվուն էլ «Ռուբինի» կազմում ամբողջական խաղի է մասնակցել։

Չինական «Քինգդաուի» կազմում նախորդ շաբաթ մեկ հանդիպման է մասնակցել Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը (1:3)։ 

Լեհական «Պոգոնի» կազմում գոլով է աչքի ընկել կիսապաշտպան Վահան Բիչախչյանը «Մոտորի» դեմ խաղում (4:2)։ Հայ կիսապաշտպանը փոխարինման է դուրս եկել երկրորդ խաղակեսի մեկնարկից առաջ ու 63-րդ րոպեին դարձել գոլի հեղինակ։ Չնայած գոլին՝ Բիչախչյանի թիմը չկարողացավ հաղթել։ 

Սլովակական «Սլովանի» հայ կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը Սլովակիայի առաջնությունում հերթական գոլն է հեղինակել։ Կիսապաշտպանը օգնել է իր թիմին հաղթել «Պոդբրեզովային» (1։3)։

Լուկաս Սելարայանը սաուդյան Պրո լիգայում «Ալ-Ֆայհայի» դեմ խաղի հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել։ Արգենտինահայ կիսապաշտպանի գոլն օգնել է իր թիմին միավոր վաստակել (1:1): 

«Ինտերի» ու Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը նախորդ շաբաթ երկու հանդիպման է մասնակցել։ Հայ ֆուտբոլիստն օգնել է իր թիմին հաղթել երկու խաղերում էլ։

Երկար ժամանակ առանց ակումբի մնացած Արթուր Միրանյանը ռումինական «Ունիվերստիտատ Կլուժի» կազմում հաղթական գոլի հեղինակ է դարձել 88-րդ րոպեին։

Նախորդ շաբաթ գոլով ու գոլային փոխանցումով է աչքի ընկել նաև «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ 24-ամյա ֆուտբոլիստը «Կռիլյա Սովետովի» դեմ խաղում գոլային փոխանցում է կատարել։ Նոյեմբերի 3-ին էլ «Օրենբուրգի» դարպասը գրավել է տուգանային հարվածով։

Նախորդ շաբաթ արտերկրում հանդես եկող հայ ֆուտբոլիստները 5 գոլ և 1 գոլային փոխանցում են կատարել։ Ի տարբերություն նախորդ շաբաթվա՝ վերջին 7 օրերը արդյունավետ էին։