
Հայաստանի և ԵՄ-ի քննարկումները․ վիզաների ազատականացում
Հայաստանի և Եվրամիության միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսվեց 2023 թվականի սեպտեմբերին, երբ Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասը այցելեց Երևան: Այս քայլը նպաստում է Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների խորացմանը՝ պարզեցնելով հայկական անձնագրերով քաղաքացիների մուտքը դեպի Շենգեն գոտի։
Եթե երկխոսության արդյունքում ԵՄ-ն որոշի ազատականացնել վիզայի ռեժիմը, ապա Հայաստանի քաղաքացիները կկարողանան մինչև 90 օր առանց վիզայի այցելել Շենգեն գոտի՝ զբոսաշրջության, ընտանեկան կամ գործնական կարճաժամկետ այցերի նպատակով:
Վիզաները կգործեն միայն զբոսաշրջության համար՝ կարճաժամկետ վիզաների տրամադրմամբ։ Մյուս տեսակի վիզաները կգործեն հին ընթացակարգով։
Վիզաների ազատականացման գործընթացի հիմնական փուլերն են երկխոսության մեկնարկը, գործողությունների ծրագիրը, կատարողականի գնահատումը, վերջնական որոշումը։
Հիմնական պահանջները ներառում են սահմանների կառավարում, փաստաթղթերի անվտանգություն, կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքար, մարդու իրավունքների պաշտպանություն: Այս պահանջների բարելավման համար ստեղծվել է Հայաստանի Եվրամիություն աշխատանքային խումբ։ Այն գլխավորում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Վիզաների ազատականացման գործընթացը կարող է տևել մի քանի տարի։ Օրինակ, Վրաստանի դեպքում գործընթացը տևել է մոտ 5 տարի, Ուկրաինայի դեպքում՝ 9 տարի:
Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ և քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը նշել է, որ վիզաների ազատականացման գործընթացը կնպաստի Հայաստանում ավելի շատ մարդկանց եվրոպական մշակույթին առնչվելուն, քաղաքակրթությանը, արժեքներին։ Ճանապարհ կբացվի նաև եվրոպացիների համար դեպի Հայաստան։
Քաղաքագետի համոզմամբ՝ Հայաստանը կունենա ամուր անձնագիր: Տնտեսական առավելություններից է հայկական արտադրանքի և եվրոպական շուկայի ավելի մերձեցումը: Մարտահրավերներ ևս կան։ Գլխավորը փորձագետի համոզմամբ այն է, որ այս ամենը կբերի մարդկանց արտահոսքի։ Շատերը կփորձեն օգտվել հնարավորությունից ու մեկնել Եվրոպա՝ բնակվելու նպատակով։
Ինչքան ամուր և ներկայանալի է անձնագիրը, այնքան երկրի քաղաքացիությունը համարվում է ցանկալի: Վիզաների ազատականացումը մեկանգամյա գործընթաց է, որի արդյունքը պետք է քաղել ամբողջացված փաթեթով: Ստացած արդյունքի վրա էլ կառուցել հետագա գործողությունները, — ընդգծել է Ղևոնդյանը: