
Սկսել պարից, բայց դառնալ բռնցքամարտում Եվրոպայի լավագույնը․ Էլիդա Քոչարյան
Բռնցքամարտի աշխարհում ոչ բոլորն են կարողանում ստեղծել իրենց հաջողված ուղին, հատկապես երբ խոսքը կանանց մասին է։ Էլիդա Քոչարյանը այդ մարզիկներից մեկն է։ Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում հայ մարզուհին վերջերս երկրորդ անգամ դարձավ ոսկե մեդալակիր։ Հաջորդ տարին Էլիդան կրկին ոսկե մեդալի հույս ունի։
Մինչ բռնցքամարտիկի ուղին սկսելը մարզուհին իրեն տեսնում էր պարի ասպարեզում, բայց հորեղբոր խորհրդով փորձել է բռնցքամարտն ու հաջողել։ Իր առաջին քայլերը Էլիդան սկսել է «բռնցքամարտի տանը»՝ Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցում մարզիչ Հարություն Նազարյանի գլխավորությամբ։

Սովորում էի պարի քոլեջում։ Առաջին կիսամյակն էր, որ վերջացել էր։ Մտածեցի՝ լավ, կգնամ, մի անգամ կփորձեմ բռնցքամարտը։ Ամենաառաջին անգամ գնացել եմ Վլադիմիր Ենգիբարյանի մարզադպրոց ու մինչ այսօր այնտեղ եմ մարզվում։
Կանանց համար բռնցքամարտն այսօր դեռևս անսովոր ընտրություն է։ Էլիդան նշում է, որ շատերը վերջին հաղթանակից հետո մեկնաբանություններում շնորհավորում էին, շատերն էլ գրում, որ չէին ուզի իրեն տեսնել բռնցքամարտում։
Ժամանակ առ ժամանակ արդեն սովորել եմ այդ կարծրատիպերին։ Սակայն, սա սպորտ է։ Չեմ նեղանում այդ խոսքերից։

Բռնցքամարտում պետք է միշտ լինել լավագույն մարզավիճակում։ Շատ է կարևորվում ոչ միայն ֆիզիկական պատրաստվածությունը, այլև հոգեբանական։ Էլիդան նշում է, որ եղել են մենամարտեր, որ հոգեբանորեն պատրաստ չլինելու պատճառով պարտվել է։
Շատ եմ լարվել, ինձ չվստահելուց էներգիա եմ ծախսել ու չեմ կարողացել հաղթել։ Բայց ժամանակի ընթացքում փորձս շատանում է։ Հիմա ավելի ինքնավստահ եմ դարձել։
Թե՛ հաղթանակները, թե՛ մարզումային գործընթացը հետաքրքիր են, սակայն Էլիդայի համար ամենակարևորը հաղթանակն է։ Հաղթանակները շատ հաճելի են ոչ միայն նրա, այլև պետության համար։
Ինձ լավ եմ զգում, որ կարողանում եմ հայ ազգի, Հայաստանի պատիվը բարձր պահել։ Ես դրա համար շատ հպարտ եմ։ Հաճելի է նաև մարզման ընթացքը, դժվարությունները, թեկուզ վնասվածքները։


Բռնցքամարտում յուրաքանչյուր «հարվածը» սովորեցնում է։ Հայաստանի քառակի չեմպիոնին այս մարզաձևը ևս շատ է օգնել և օգնում կյանքում։
Բնավորություն է փոխել բռնցքամարտը։ Ավելի հանդուրժող, չշտապող եմ դարձել։ Նույնն էլ ռինգում պետք է լինել։ Պետք է ուշադիր լինես՝ մրցակիցդ ինչ պետք է անի, տեսնես դա ու նրանից արագ անես, համբերատար լինես, չշտապես, քանի որ հաճախ այն օգտակար չի լինում։
Այս տարվա նոյեմբերի 1-ին Էլիդան վիրահատվել է։ Հուսով է, որ կկարողանա պատրաստ լինել գալիք տարվա մարտին սպասվող մեծահասակների աշխարհի առաջնությանն ու վերադառնալ հաղթանակով։