Մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը ավարտել է պրոֆեսիոնալ կարիերան
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, նժույգաթափ վարժության աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն Հարություն Մերդինյանն ավարտում է մարմնամարզիկի պրոֆեսիոնալ կարիերան:
Որոշման հիմնական պատճառը տարիքն ու ցավերն են, որոնք արդեն շարունակական են դարձել։ Դաստակիս, ուսերիս, ողնաշարիս խնդիրները էնքան են շատացել, որ չեմ կարողանում լիարժեք մարզվել։ Նույնիսկ բուժումները չեն օգնում։ Շատ դժվար է թողնել սպորտը։ Ուղեղիս մեջ կա, որ ես կարող եմ էլի ինչ-որ բաներ անել, բայց օրգանիզմս արդեն թույլ չի տալիս։ Համ էլ հերիք է, ինչքան կարողացել եմ սպորտում անել, այդքանով կբավարարվեմ, — նշել է Մերդինյանը։
Սակայն պրոֆեսիոնալ կարիերան ավարտելով, նա ամբողջությամբ չի հեռանալու մարմնամարզությունից և օգնելու է հավաքականին հանդես գալ հետագա մրցումներում։ Նա վստահ է նաև, որ եկող սերունդը Հայաստանի համար մեծ հաջողություններ է բերելու մարմնամարզությունում։
Հավաքականի հետ եմ լինելու։ Վահագ Դավթյանի հետ համատեղ մարզումներ ենք ացկացնելու։ Եթե կարողանամ օգնել հավաքականին իմ գիտելիքներով, շատ ուրախ կլինեմ։ Իմ կարծիքով, հետագայում մենք էլ ավելի լավ արդյունքներ ենք գրանցելու։
