
Բարձրագույն դատական խորհրդի նախագահը հրաժարական է տվել
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է արել՝ հայտարարելով, որ թողնում է պաշտոնը։ Նա ԲԴԽ նախագահ է ընտրվել 2022 թվականի հոկտեմբերի 7-ին։
Ուզում եմ առաջ ընկնել պաշտոնանկությունների շրջանառվող շարքից: Այլևս հրաժարվում եմ Բարձրագույն դատական խորհրդի թե´ նախագահությունից և թե´ անդամությունից: Առերևույթ ամեն ինչ պարզ է, իսկ խորքային պատճառները չեմ ուզում ասել: Ինչ էլ ասեմ, հազար ու մի ձև են մեկնաբանելու և շատ կեղծ վարկածներ են առաջ քաշելու: Նման փորձ արդեն ունեցել եմ: Դրա փոխարեն թույլ տվեք անհամեստորեն ասել, որ դատական համակարգը դուրս եմ բերել խայտառակ ճգնաժամից: Ներսի մարդիկ դա հաստատ գիտեն ու երևի կընդունեն, — գրել է Անդրեասյանը։
Իսկ ի՞նչ է ի նկատի ունեցել Անդրեասյանը «պաշտոնանկությունների շրջանառվող շարք» ասելով։ Երեկ մամուլում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և Պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հրաժարական են տալու։ Կառավարությունը դեռ չի արձագանքել։