
Նոր Հաճնի կամուրջի վերանորոգումը դեռ չի ավարտվել
2024 թվականի օգոստոսի 20-ից փակվել և մինչև այժմ փակված է մնում Նոր Հաճնի կամուրջը։ Ճանապարհային դեպարտամենտը մի քանի անգամ հայտարարություն է տարածել՝ շինարարության ավարտի փոփոխության մասին։ Ժամկետները հոկտեմբերի 6-ից տեղափոխվեցին նոյեմբերի 12, հետո՝ մինչև տարեվերջ։ Որպես այլըտնրանքային ճանապարհ՝ քաղաքացիներին առաջարկվել է երթևեկել Հ-2, /Հ-1/ (Աբովյան)-Արզնի-/Հ-6/-Նոր Գեղի ճանապարհով, իսկ կցորդով ավտոմոբիլները՝ Տ-6-54, /Հ-5/-Կարենիս-Չարենցավան-/Հ-1/ և Հ-5, /Հ-6/ (Նոր Գեղի)-Արգել-Արզական-Հրազդան ավտոճանապարհներով։ Սակայն քաղաքացիները դժգոհ են։
Բողոքներ ստացել ենք, բայց մենք չենք կառուցողը, մենք չենք պատասխանատուն։ Մենք էլ բոլորի նման կարդում ենք, ոնց դուք եք կարդում տարբեր տեղերից, տենց էլ մենք։ Այս պահին շատ ծանրաբեռնված է Նոր Գեղի-Նոր Հաճըն շրջանցիկ ճանապարհը։ Որ ձյուն գա, վիճակը ավելի բարդ կլինի, — նշեցին համայնքապետարանից։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ներկա է գտնվել կամուրջի շինարարությանը։ Ինչպես նշված է հաղորդագրության մեջ՝ շինարարներին կոնկրետ հանձնարարականներ է տրվել՝ մինչև այս տարվա վերջ վերանորոգումը ավարտին հասցնելու համար։
Կամուրջը ունի լրջագույն խնդիրներ և կամուրջը պետք է լրջագույն հիմնանորոգման ենթարկվի։ Որպես կանոն, կամուրջների համար լինում է նախնական նախագիծ և հիմնական նախագիծը։ Վերջինս լինում է, երբ կամուրջի վրա առկա շերտերը հեռացնում են։ Այդ ժամանակ արդեն երևում է, թե կամուրջը ինչ աստիճանի վնասված է, և ինչ չափի աշխատանք է պետք անել։
Կամուրջի կառուցման ժամկետը 2025 թվականի գարունը կամ ամառն է, այսինքն ոչ մեկը ժամկետից ոչ մի տեղ չի գնացել, — Ազգային ժողովի հարց ու պատասխանի փուլում հայտարարել էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
ՏԿԵՆ նախկին նախարար Գնել Սանոսյանը նշել է նաև, որ կամուրջը կառուցելու համար մի շարք ապրանքներ ներկրվել են այլ երկրներից։
Նոր Հաճնի կամուրջը Հայաստանի ամենաերկար կամուրջն է։ Այն շահագործման է հանձնվել 1981 թվականին։ Երկհարկանի կամուրջի վերևի հարկով անցնում են ավտոմոբիլները, կցորդները, ներքևի հարկով՝ երկաթուղին։