
Գոռ Վարդանյանի ֆիլմի համար ԿԳՄՍ նախարարությունը դիմել է Դատախազություն
Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» բազմասերիանոց ֆիլմի վերաբերյալ քննարկումները համացանցում շարունակվում են։ Այնտեղ ցուցադրված տեսարաններից շատերը կարող են խարխլել երեխաների արժեհամակարգերը։ Այդ ամենը պարզելու և եզրակացություններ անելու համար ԿԳՄՍ նախարարությունը դիմել է Դատախազություն։
Հեռուստադիտողների արձագանքին հետևելով՝ ԿԳՄՍ նախարարությունը «Մանակավարժահոգեբանական կենտրոն» կազմակերպությանը հանձնարարել է իրականացնել ֆիլմի վերլուծություն։ Արդյունքում պարզվել է, որ ֆիլմի դիտումը կարող է անչափահասների մոտ առաջացնել այնպիսի բացասական վարք, ինչպես օրինակ երեխաների կողմից ծխախոտի օգտագոծումն է։
Հաշվի առնելով կրտսեր դպրոցականների և դեռահասների սոցիալական ընդօրինակման մեխանիզմներով վարքային դրսևորումների պայմանավորվածությունը՝ նմանօրինակ ֆիլմի դիտման արդյունքում երեխան կարող է նույնականացնել իրեն գլխավոր հերոսների հետ և անգիտակցաբար սկսել կիրառել նույնատիպ վարքագիծ։ Բացի այդ՝ ֆիլմի գրեթե բոլոր հերոսներն աչքի են ընկնում խոսքային հաղորդակցման անընդունելի դրսևորումներով, քրեական ենթամշակույթ կրող անձանց բնորոշ ժեստերի կիրառմամբ, ինչը ևս կարող է ընդօրինակվել երեխայի կողմից:
«Երեխաների իրավունքների մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ պարբերությունում նշված է, որ «Արգելվում է երեխայի առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա բացասական ազդեցություն ունեցող, բռնության և դաժանության պաշտամունք քարոզող, մարդկային արժանապատվությունը նսեմացնող, ընտանիքը վարկաբեկող, իրավախախտումներին նպաստող զանգվածային տեղեկատվության և գրականության տարածումը»:
Սա Հայաստանում ֆիլմերի ու սերիալների շուրջ առաջացած միակ օրինակը չէ։ Նախկինում մի շարք դրվագներով, օրինակ, կինոռեժիսոր Դիանա Գրիգորյանն է տուգանվել։