ՀայաստանՊատահար

Մասիսում հրդեհի պատճառով մեկ մարդ հոսպիտալացվել է

Հունիսի 2-ի գիշերը Մասիս քաղաքում բռնկված հրդեհի հետևանքով տուժել է մեկ քաղաքացի։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տվյալներով՝ ահազանգը ստացվել է ժամը 03:35-ին։ Հրդեհ է բռնկվել Մասիսի Նոր թաղամասի Շիրազի փողոցի երկհարկանի տներից մեկի 1-ին հարկում։

Դեպքի վայր ժամանել են Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկներ։ Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 03:55-ին, մարել՝ 04:30-ին։

Հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել է տան հյուրասենյակը (մոտ 20 քմ), ինչպես նաև ջերմահարվել և վնասվել են սանհանգույցի դուռն ու 2-րդ հարկի պատուհանները։ Բարեբախտաբար, հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը դեպի երկրորդ հարկ։

Տուժած քաղաքացուն տեղափոխել են բժշկական կենտրոն։

Դեպքի մանրամասները պարզվում են։