
Կապանի համայնքապետարանը չի մերժել՝ ցուցադրելու «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, այլ առաջարկել է ցուցադրել «Սյունիք» կինոթատրոնում
Կապանի համայնքապետարանը արձագանքել է սոցիալական ցանցերում տարածված այն պնդումներին, թե քաղաքապետարանը հրաժարվել է «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմի ցուցադրության համար տրամադրել մշակույթի տան դահլիճը։
Պաշտոնական պարզաբանմամբ՝ համայնքը ֆիլմի կազմակերպիչներին առաջարկել է ֆիլմը ցուցադրել «Սյունիք» կինոթատրոնում։ Այն վերջին շրջանում վերագործարկվել է համայնքի ջանքերով և ներկայումս հանդիսանում է ժամանակակից տեխնիկայով հագեցած, մասնագիտացված կինոցուցադրման վայր։
Համայնքապետարանը ընդգծում է, որ նման պայմաններ այսօր չունեն բազմաթիվ այլ քաղաքներ, իսկ Կապանը կարևորում է ֆիլմերի ցուցադրության կազմակերպումը միայն համապատասխան տեխնիկական հնարավորություններով հագեցած վայրում՝ ապահովելով բարձր որակի դիտում։ Հայտարարության մեջ նշվում է, որ եթե ֆիլմի կազմակերպիչները ցուցադրությունը կատարեն ոչ առևտրային հիմունքներով, ապա համայնքապետարանը պատրաստ է անվճար տրամադրել կինոթատրոնի դահլիճը։
Նախկինում Genetic Production ընկերությունը, որի հիմնադիրն է Վազգեն Սարգսյանի եղբոր դուստր Նոնո Սարգսյանը, հայտարարել էր, որ քաղաքապետարանը մերժել է ֆիլմի ցուցադրությունը մշակույթի տանը՝ նույնիսկ գումարի դիմաց։ Ըստ Սարգսյանի՝ ֆիլմը նկարահանվել է իր երկարամյա երազանքի իրականացմամբ, սակայն այժմ Կապանում ցուցադրությունը չի կայանա։