Փաշինյանը ՄԱԳԱՏԷ ղեկավարի հետ քննարկել է փոքր մոդուլային ռեակտորների թեման

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են խաղաղ նպատակներով միջուկային էներգետիկայի զարգացմանը վերաբերող հարցեր։

Զրուցակիցները անդրադարձել են նաև Հայաստանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև համագործակցության ընթացքին։ Կարևորվել են միջուկային անվտանգության ապահովման, տեխնիկական համագործակցության և փորձագիտական աջակցության ծրագրերի շարունակական իրականացումը։

Քննարկման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև Հայաստանի էներգետիկ ոլորտում իրականացվող ծրագրերի, փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիաների և միջուկային էներգետիկայի զարգացման հեռանկարների վերաբերյալ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ փետրվարի 9-ին, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները պատրաստ է Հայաստանին մատակարարել փոքր մոդուլային ռեակտորներ՝ միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության վերաբերյալ հուշագրի շրջանակում։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ, անդրադառնալով Երևանի և Վաշինգտոնի միջև ատոմային նախագծերի շուրջ քննարկումներին, նշել էր, որ միջուկային ոլորտում Ռուսաստանի փորձը ավելի մեծ է, իսկ ծառայությունների արժեքը՝ ավելի մատչելի։