Հայաստանի կառավարությունն աջակցություն կտրամադրի կոնյակի սպիրտ արտահանողներին
ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել 2025 թվականի ապրիլի 1-ից մինչև 2026 թվականի ապրիլի 1-ը պետական աջակցություն տրամադրել կոնյակի սպիրտ արտահանող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին։
Ըստ որոշման, տնտեսվարողներին կտրամադրվի 100 դրամ աջակցություն արտահանված յուրաքանչյուր լիտր կոնյակի սպիրտի համար, ինչը հնարավորություն կտա նվազեցնել արտադրանքի ինքնարժեքը, մրցունակ գներով ներկայացնել այն արտահանման շուկաներում և խթանել լրացուցիչ խաղողի մթերումներ։
Աջակցությունը չի տարածվի ներքին շուկայում վաճառված կոնյակի սպիրտի վրա և այն տնտեսվարողների վրա, որոնք 2024–2025 թվականներին չեն իրականացրել խաղողի մթերումներ։ Աջակցության չափը սահմանված է հաշվի առնելով մթերված խաղողի քանակը՝ 11 կգ խաղողը մեկ լիտր (100 %-անոց) կոնյակի սպիրտի համարժեքությամբ։
Կառավարության գնահատմամբ՝ աջակցության շնորհիվ 2025 թվականի ապրիլի 1-ից մինչև 2026 թվականի ապրիլի 1-ը նախատեսվում է արտահանել մոտ 15 մլն լիտր կոնյակի սպիրտ, որից շուրջ 11 մլն լիտրը նախատեսվում է արտահանել արդեն 2025 թվականին։
Նշվում է նաև, որ 2025 թվականի հունվար–սեպտեմբեր ամիսներին շշալցված կոնյակի արտահանման ծավալը կազմել է մոտ 10,3 մլն լիտր, ինչը շուրջ 30%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածիհամեմատ։ Արտահանման նվազման վրա ազդել է նաև ՌԴ-ում ակցիզային հարկի և վաճառքի նվազագույն գնի բարձրացումը։
Հիշեցնենք, որ 2025 թվականին հայկական կոնյակը մի շարք խնդիրների էր բախվել արտահանման հետ կապված։ Վրացական կողմը առանց հստակ պատճառաբանության թույլ չի տվել հայկական գինու ու կոնյակի տարանցումը։ Հարկ է նշել, որ 2024 թվականի օգոստոսին հայկական անորակ կոնյակի մասնաբաժինը ռուսական շուկայում կազմել էր 90%։ Հետագայում այն նվազեց մինչև 80%, բայց հիմա նորից աճել է՝ հասնելով 85%-ի։ Այսինքն՝ խնդիրը համակարգային բնույթ է կրում։
