«Սրբազան պայքար» գործով անցնող Մովսես Շարբաթյանի խափանման միջոցը փոխվել է

Դատարանը վերացրեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանի նկատմամբ ընտրված տնային կալանքը։ Նրա փոխարեն սահմանվեց վարչական հսկողություն։

Շարբաթյանը շաբաթական երկու անգամ պետք է ներկայանա և հաշվառվի պրոբացիայի ծառայությունում։ Նրան արգելված է լքել բնակության վայրն առանց թույլտվության, այցելել մարդաշատ կամ զվարճանքի վայրեր։ Բացի այդ՝ նա երեկոյան 23։00-ից մինչև առավոտյան 8-ը պետք է գտնվի իր բնակության հասցեում։ Վարչական հսկողությունը կիրականացվի առանց էլեկտրոնային միջոցների։

Խափանման միջոց 3 միլիոն գրավը և բացակայելու արգելքը մնում են անփոփոխ։ Դատարանը նրան չի արգելել նաև մասնակցել պատարագների։

Նշենք, որ պաշտպանական կողմի միջնորդությանը չառարկեց նաև հանրային մեղադրողը՝ հաշվի առնելով Շարբաթյանի առողջական խնդիրները, մասնավորապես իշեմիկ հիվանդությունը և ինտենսիվ միջամտությունների կարիքը։

«Սրբազան պայքար» գործով Կարո Օկումուշյանի նկատմամբ տնային կալանքը երկարաձգվեց երեք ամսով։