«DG» ապրանքանիշի երկու արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Երևանում գործող «Բաբիկ-90» արտադրական կոոպերատիվին պատկանող մսամթերքի արտադրամասում իրականացված վերահսկողական միջոցառումների արդյունքում կասեցվել է «DG» ապրանքանիշի երկու արտադրատեսակների արտադրությունը։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները արտադրամասում իրականացրած ստուգումների ընթացքում լաբորատոր փորձաքննության են հանձնել առկա արտադրատեսակների նմուշները։ Փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ «Կոտլետ հավի կիևյան, սառեցված մսային աղացած կիսապատրաստվածքներ»՝ արտադրված՝ 20․01․2026թ., արտադրատեսակի նմուշում «ախտածին ա/թ սալմոնելաներ» ցուցանիշը չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին։
Միևնույն ժամանակ «Մոսկովյան երշիկ» կիսաապխտած, մսային պաղեցված արտադրատեսակի՝ արտադրված՝ 20․01․2026թ., նմուշում արձանագրվել է «նատրիումի նիտրիտ վերահաշվարկված ըստ NaNO2-ի» ցուցանիշի անհամապատասխանություն սահմանված նորմերին։
Արդյունքում մսամթերքի արտադրամասի նշված երկու արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է։
«Բաբիկ-90» արտադրական կոոպերատիվի տնօրենին տրվել է կարգադրագիր՝ տվյալ խմբաքանակի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու վերաբերյալ։ Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է համապատասխան ժամկետ։

