Երեք նոր ուղեկալ՝ ՀՀ սահմանին
ՀՀ ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) սահմանապահ զորքերի N ջոկատում տեղի է ունեցել «Կոռնիձոր», «Խնձորեսկ» և «Հարթաշեն» նոր կառուցված սահմանապահ ուղեկալների բացման արարողությունը։ Նոր ենթակառուցվածքների ստեղծումը իրականացվել է Հայաստանի կառավարության կողմից տրամադրված ֆինանսավորմամբ։
Միջոցառմանը մասնակցել են ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը, տեղակալներ Արամ Հակոբյանը և Դավիթ Սանամյանը, Սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Գարիկ Մուրադյանը, ինչպես նաև պաշտոնատար այլ անձինք։
Շրջայց է կատարվել նորակառույց ուղեկալներով, գնահատվել է սպառազինության ու նյութատեխնիկական ապահովման մակարդակը։ Դիտարկվել են նոր կառուցված սպայական կացարանները, որոնք, ըստ ԱԱԾ-ի, ամբողջությամբ համապատասխանում են ժամանակակից չափորոշիչներին։ Կացարանները հագեցած են սպաների ընտանիքների բնակության համար անհրաժեշտ գույքով և տեխնիկայով։
