
Լիբանանում տուժածների ցանկերում հայեր չկան
Սեպտեմբերի 17-ից Իսրայելը օդային հարձակում էր սկսել «Հըզբոլլահ»-ի դեմ, իսկ սեպտեմբերի 30-ին սկսվել են ցամաքային գործողությունները Լիբանանի տարածքում։ Երեկ երեկոյան Իրանը ավելի քան 200 բալիստիկ հրթիռներով հարվածել է Իսրայելի Թել Ավիվ քաղաքին։
Լիբանանում գործող «Ազդակ» օրաթերթի խմբագիր Շահան Կանդահարյանի հետ զրույցում տեղեկացանք, որ Լիբանանի հայաբնակ շրջանները հեռու են ռազմական գոտիներից։ Նա նշեց նաև, որ հայ ազգանուններ չկան տուժածների ցանկերում։ «Լիբանանահայ համայնքը, որը բաղկացուցիչ տարրն է լիբանանյան հասարակության, կրում է այն ծանր հետևանքները, որ ամբողջ ժողովուրդն է կրում»,- նշել է Կանդահարյանը։
Նրա խոսքով՝ Բեյրութի հարավային արվարձաններում օդային հարձակումները վաղ առավոտից վերսկսվել են։ Ֆրանսիայի արտգործնախարարը Լիբանանում ընդգծեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1701 բանաձևի գործածության անհրաժեշտությունը։ Նշեց, որ հրադադարը տեսանելի չէ, քանի որ Իսրայելը նախապայմաններ է առաջարկում։ Հարձակումների հետևանքով հսկայական փախստականների ալիք է ձևավորվել, որը կարող է առաջացնել մարդասիրական լուրջ ճգնաժամ։
Շուշան Ասրյան