Ամփոփվել է ԱԳՆ գործունեությունը 2025-ին

Փետրվարի 7-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Արտաքին գործերի նախարարություն՝ մասնակցելու գերատեսչության 2025 թվականի գործունեության հաշվետվության քննարկմանը։

Հաշվետվությունը ներկայացրել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Քննարկումների առանցքում եղել են խաղաղության գործընթացում արձանագրված զարգացումները։ Նախարար Միրզոյանը նշել է, որ 2025 թվականին ԱԳՆ թիվ մեկ առաջնահերթությունը խաղաղության օրակարգի սպասարկումն է եղել՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը, Այդ համատեքստում հատկապես ընդգծվել է Վաշինգտոնյան համաձայնագիրը։

Քննարկվել են նաև տարածաշրջանային զարգացումները, մասնավորապես՝ Թուրքիայի, Վրաստանի և Իրանի հետ ռազմավարական գործընկերության խորացման հարցերը։

Միրզոյանը կարևորել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման ուղղությամբ արձանագրված շոշափելի արդյունքները։

Ամփոփվել են նաև ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ ձեռքբերումները, մասնավորապես՝ տարեվերջին ռազմավարական նոր օրակարգի ընդունումը։

Քննարկման ժամանակ նշվել է, որ Հայաստանը ձգտում է Ռուսաստանի Դաշնության հետ զարգացնել փոխադարձ հարգանքի և ինքնիշխանության վրա հիմնված բարեկամական հարաբերություններ։

Երևանում 2025 թվականին անցկացված և 2026 թվականին նախատեսվող բարձր մակարդակի միջազգային միջոցառումները, այդ թվում՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթաժողովը, ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը, ինչպես նաև ԱԳՆ նախաձեռնած և արդեն երրորդ տարին անցկացվող «Երևանյան երկխոսություն» միջոցառումները ևս քննարկվել են։

2025-ին Հայաստանը նոր ռեզիդենտ դեսպանություններ է հիմնել Կիպրոսում, Հունգարիայում և Օմանում։ Այդ քաղաքականության շրջանակում ձեռք է բերվել նաև Բրյուսելում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության նոր շենքը, շարունակվել են Փարիզում դեսպանության շենքի վերանորոգման աշխատանքները։

Մարինա Գրիգորյան