ՀայաստանՍոցիալական

Ոստիկանական համազգեստի վաճառքը կողմնակի անձանց կսահմանափակվի, իսկ զինվորակա՞նը

Հայաստանում հնարավոր է սահմանափակվի ոստիկանական համազգեստի վաճառքը այն մարդկանց, ովքեր ՆԳՆ համակարգի հետ կապ չունեն։ Այս հարցը քննարկվել է Ազգային ժողովում։ Պատգամավոր Արուսյակ Մանավազյանը («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն) խորհրդարանում նշեց, որ վերջին շրջանում համացանցում տարածվում են տեսանյութեր, որտեղ ոստիկանության հետ կապ չունեցող քաղաքացիներ հանդես են գալիս ոստիկանների համազգեստով։ Նրա խոսքով՝ նման երևույթները խաթարում են ոստիկանության հեղինակությունը։

Ի պատասխան՝ ՆԳՆ փոխնախարար Արմեն Մկրտչյանը նշեց, որ ներկայումս համազգեստի վաճառքը թույլատրված է, քանի որ դա անհրաժեշտ է հենց ծառայողների համար․ եթե նրանց հագուստը մաշվում է, կարող են ազատ գնման միջոցով փոխարինել։ Միևնույն ժամանակ, փոխնախարարը չբացառեց, որ մշակվեն նոր կանոններ, որոնք թույլ կտան և՛ ապահովել ոստիկանների կարիքները, և՛ կանխել չարաշահումները։

Տարիներ առաջ նոր օրենք ընդունվեց, ըստ որի՝ զինվորական համազգեստն ապօրինի կրող անձինք պատասխանատվության կենթարկվեննվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով։ Չնայած այդ նոր օրենքին՝ մարդիկ շարունակում են գնել ու հագնել զինվորական համազգեստ։ Հատկապես գյուղական շրջաններում բազմաթիվ են բանվորները, գյուղացիները, որոնք հենց զինվորական համազգետս են կրում։ Կարևոր է նախևառաջ մարդկանց գիտակցությունը, որ այն Հայաստանի Զինված ուժերի համազգեստն է։ Հետո, նախարարությունն անձամբ պիտի կարողանա լուծել զինվորականների համազգեստի խնդիրները, որ նրանք կարիքը չունենա գնելու։

Պարտադիր զինվծառայության մեջ գտնվող շատ-շատերը գնում են նոր համազգեստներ, քանի որ նախարարությունը տրամադրում է 6 ամիսը մեկ։ Պետք է նշել նաև այն, որ ՊՆ-ն դեռևս 2023 թվականին էր հայտարարել, որ հայկական բանակը նոր համազգեստ կունենա։ Մինչև 2024 թվականի ավարտը այդ համազգեստը կկարողանան կրել, սակայն մինչ օրս որևէ տեղեկատվություն չկա նոր համզգեստների մասին։