Անցկացվել է Անվտանգության խորհրդի նիստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որին մասնակցել են Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

Նիստի ընթացքում Արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանը ներկայացրել է համապարփակ զեկույց Իրանի Իսլամական Հանրապետության և Մերձավոր Արևելքում ընթացող իրադարձությունների մասին։ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը զեկույց է ներկայացրել վարչապետի հանձնարարությամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի գործունեության վերաբերյալ։

Վարչապետը տվել է համապատասխան հանձնարարականներ իրավիճակի մշտադիտարկման և անհրաժեշտ գործողությունների իրականացման վերաբերյալ, նաև խորը ափսոսանք հայտնել տարածաշրջանում տեղի ունեցող ցավալի զարգացումների կապակցությամբ, արտահայտել ցավակցությունը զոհերի համար։

Մարինա Գրիգորյան