Ալիևը Նախիջևանի վրա ԱԹՍ-ների արձակելն անվանել է «ահաբեկչական ակտ»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Իրանի տարածքից արձակված անօդաչու թռչող սարքերի հարվածը Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունի ուղղությամբ «ահաբեկչական ակտ» է Ադրբեջանի դեմ։ Այս մասին նա հայտարարել է Անվտանգության խորհրդի նիստում։
Ալիևը նշել է, որ հարվածների թիրախ են դարձել քաղաքացիական օբյեկտները։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը կտրականապես դատապարտում է տեղի ունեցածը և պահանջում է պատասխանատվության ենթարկել այդ գործողության պատասխանատուներին։
Նա նաև նշել է, որ Ադրբեջանում արդեն տրվել են համապատասխան հանձնարարականներ․ Իրանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան կներկայացվի բողոքի նոտա, ինչպես նաև կձեռնարկվեն այլ դիվանագիտական քայլեր։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ հինգշաբթի օրը Իրանի տարածքից արձակված անօդաչու սարքերը հարվածել են Նախիջևան քաղաքին։ Դրանցից մեկը վնասել է Նախիջևանի միջազգային օդանավակայանի շենքը, իսկ մյուսը ընկել է Շեկերաբադ գյուղում՝ դպրոցի շենքի հարևանությամբ։
Նախիջևանի միջազգային օդանավակայանում ժամանակավորապես դադարեցվել են ինչպես ներքին, այնպես էլ միջազգային չվերթները։

