Օնլայն ներդրումային գովազդները՝ գումար հափշտակելու միջոց

Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների վարչությունում իրականացվող նախաքննության ընթացքում պարզվել է, որ տարբեր անձինք կամ խմբեր ներկայանում են որպես վստահելի ներդրումային կազմակերպություններ կամ մասնագետներ՝ առաջարկելով բարձր եկամտաբերություն խոստացող ծրագրեր։

Սակայն իրականում դրանց նպատակը քաղաքացիներին մոլորեցնելն է և նրանց ֆինանսական միջոցներին տիրանալը։

Մասնավորապես, սոցիալական հարթակներում՝ «Facebook», «Telegram» և այլուր, տեղադրվում են գովազդներ, որտեղ առաջարկվում է ներդրում կատարել և գումար աշխատել՝ թողնելով հղում, որտեղ քաղաքացին լրացնում է իր անձնական տվյալները։ Դրանից հետո նրան կապ են հաստատում օնլայն հաղորդակցման միջոցներով՝ «WhatsApp», «Telegram» և այլ հավելվածներով, ներկայացնում եկամուտ ստանալու պայմանները՝ հիմնականում ստեղծելով օտարերկրյա կազմակերպություններում կեղծ ներդրումային հղումներով կայքեր։ Քաղաքացին այստեղ գրանցվում է, ստեղծում օգտահաշիվ և ստանում ֆիշինգ հղում, որտեղ բանկային քարտի նույնականացման տվյալները լրացնելով՝ հանցագործները հափշտակում են խոշոր կամ առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցներ։

Քննչական կոմիտեն քաղաքացիներին զգուշացնում է՝ նմանատիպ գովազդների կամ հաղորդագրությունների դեպքում զերծ մնալ թելադրվող գործողությունները կատարելուց և անհապաղ տեղեկացնել իրավապահ մարմիններին:

Մարինա Գրիգորյան