ՀՀ-ում 9 համայնք կմիավորվեն 3 խոշորացված համայնքի մեջ
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին, որով նախատեսվում է միավորել 9 համայնք՝ ձևավորելով 3 խոշորացված համայնք։ Նախագիծը ներկայացվել է կառավարության նիստում։
Ըստ ներկայացված առաջարկի՝ խոշորացումը կիրականացվի երեք մարզում։ Լոռու մարզում կձևավորվի Ստեփանավան խոշորացված համայնքը, որը կմիավորի Ստեփանավան, Գյուլագարակ և Լոռի բերդ համայնքները՝ ընդհանուր 20 բնակավայրով։ Սյունիքի մարզում կստեղծվի Գորիս խոշորացված համայնքը, որը կներառի Գորիս, Տաթև և Տեղ համայնքները՝ ընդհանուր 28 բնակավայրով։ Վայոց Ձորի մարզում կձևավորվի Եղեգնաձոր խոշորացված համայնքը, որը կմիավորի Եղեգնաձոր, Արենի և Եղեգիս համայնքները՝ ընդհանուր 32 բնակավայրով։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի խոսքով՝ փոփոխությունների արդյունքում Հայաստանում համայնքների թիվը ներկայիս 70-ի փոխարեն կկազմի 64։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ համայնքների խոշորացման գործընթացի ընթացքում չի եղել դեպք, երբ հետագայում այդ որոշումից հրաժարվել են։ Նրա խոսքով՝ բոլոր դեպքերում նկատվել է դրական ազդեցություն համայնքների և բնակավայրերի սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա։
Նախագիծը ներկայացվել է Ազգային ժողով՝ հետագա քննարկման համար։
Հիշեցնենք, որ 2025 թվականի հուլիսին կառավարության որոշմամբ, որն ավելի ուշ հաստատվել էր նաև Ազգային ժողովում, միավորվել էին նաև Խոյ և Վաղարշապատ համայնքները։ Վաղարշապատում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի էին ունեցել 2025 թվականի նոյեմբերին։

