
Սիրիահայերի առաջին խմբի ժամանումը Հայաստան սպասվում է դեկտեմբերի 14-ին
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձների ինտեգրման վարչության պետ Հովհաննես Ալեքսանյանը դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ այս պահին Հալեպում շուրջ 10-12 հազար հայություն կա։ Նրանք հիմնականում տեղաբաշխված են Նոր գյուղ, Ազիզիե և Սուլեյմանիե շրջաններում։
Սրացմանը հաջորդած 1-2 օրերին որոշ հայ ընտանիքներ կարողացել են երկրորդական ճանապարհներով դուրս գալ քաղաքից։ Մենք կապ ունենք այդպիսի ընտանիքների հետ։ Դրանից հետո քաղաք մտնող ու դուրս եկող բոլոր ճանապարհները փակվել են։ Կապը քաղաքում խափանումներով, բայց կա։
Սկզբնական շրջանում բոլոր հայկական հաստատությունները փակվել են։ Դեկտեմեբերի 3-ին Հալեպի Սուրբ Աստվածածին եկեղեցում մեծ հավաք է տեղի ունեցել։ Բերիո թեմը՝ Կիլիկիո հայոց կաթողիկոսության ֆինանսական միջնորդությամբ որոշել է անապահով ընտանիքներին օգնության ձեռք մեկնել։
Այս պահին հնարավոր չէ տարհանում անել և օժանդակություն ուղարկել։ Հալեպի օդանավակայանը և արդյունաբերական գոտին հիմա վերահսկում են իսլամիստական խմբավորումները։ Մեծ թվով մարդկանց անվտանգ տարհանելու երաշխիք չկա։
Այնուամենայնիվ՝ այն ընտանիքները, որոնք այլ քաղաքներում են հիմա տեղակայված, կարող են դեկտեմբերի 14-ին Դամասկոս-Երևան ավիաչվերթով վերադառնալ Հայաստան։