ՀայաստանՍոցիալական

Սոցցանցերում «անվճար տրանսպորտ» են խոստանում Երևանի բնակիչներին․ մեդիափորձագետը զգուշացնում է

Երևանցիները վերջին օրերին բախվել են նոր ինտերնետային խաբեության․ սոցցանցերում տարածվում են գրառումներ, որոնք խոստանում են անվճար ուղևորություն քաղաքի բոլոր տրանսպորտային միջոցներով՝ ընդամենը 1042 դրամով։ Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշում է, որ նման էջերի նպատակը քաղաքացիների տվյալների հափշտակումն է։

«Երևանի քաղաքապետարան տրանսպորտ» և «Հասարակական տրանսպորտը Երևանում» անվանմամբ կեղծ էջերը պնդում են, թե կարելի է ձեռք բերել «սահմանափակ տրանսպորտային քարտ», որը հնարավորություն կտա վեց ամիս օգտվել հասարակական տրանսպորտից առանց վճարելու։

Երևանի քաղաքապետարանը, արձագանքելով այդ հայտարարություններին, զգուշացնում է, որ այդ էջերը ոչ մի կապ չունեն քաղաքապետարանի կամ քաղաքային տրանսպորտի համակարգի հետ։ Այս պահին իրականացվում են քայլեր կեղծ էջերի արգելափակման ուղղությամբ։ Amnews-ի տվյալներով՝ Googl-ը արդեն արգելափակել է այն հղումները, որոնցով քաղաքացիները կարող էին զեղծարարության զոհ դառնալ։

Նրանք նաև հիշեցնում են, որ հանրային տրանսպորտի տոմսերը վաճառվում են միայն պաշտոնական հարթակներով՝ Telcell Wallet հավելվածով, transport.yerevan.am կայքում, Telcell տերմինալների և սպասարկման կետերի միջոցով։