ՀայաստանՍոցիալական

ԱՄՆ Պետդեպարտամենտը կասեցնում է ներգաղթային վիզաների տրամադրումը Հայաստանի քաղաքացիների համար

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է Հայաստանի և ևս 74 երկրների քաղաքացիների համար ներգաղթային վիզաների տրամադրման ժամանակավոր կասեցման մասին։ Որոշումը վերաբերում է բացառապես ներգաղթային մուտքի արտոնագրերին։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ սահմանափակումը պայմանավորված է այն հանգամանքով, որ որոշ երկրներից ժամանած միգրանտները, ըստ ամերիկյան կողմի գնահատականի, կարող են դառնալ սոցիալական աջակցության համակարգի լրացուցիչ բեռ։

X սոցիալական հարթակում հրապարակված հաղորդագրության մեջ նշվում է, որ որոշումը վերաբերում է այն երկրներին, որոնցից ժամանած միգրանտները, ըստ ամերիկյան կողմի, ստանում են «անթույլատրելի բարձ սոցիալական նպաստներ՝ ԱՄՆ ժողովրդի հաշվին»։

Պետդեպարտամենտում ընդգծել են, որ սառեցումը կգործի այնքան ժամանակ, մինչև ԱՄՆ-ն կհամոզվի, որ նոր միգրանտները չեն ապրի ամերիկացի հարկատուների հաշվին։

Որոշումն ուժի մեջ կմտնի հունվարի 21-ից։ Սահմանափակումների ցանկում, Հայաստանից բացի, ընդգրկված են նաև Ռուսաստանը, Իրանը, Իրաքը, Բրազիլիան, Եգիպտոսը, Թաիլանդը և մի շարք այլ երկրներ։