ՀայաստանՍոցիալական

Ընդունելություն առաջին դասարան․ ի՞նչ պետք է իմանան ծնողները

ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելության գործընթացը մեկնարկում է նոր կարգով՝ կարևորելով երեխայի և ծնողի տվյալների ճշգրտության ստուգումը հայտագրման մեկնարկից առաջ։ Ծնողները պետք է նախ ստուգեն երեխայի անձնական տվյալների առկայությունն ու ճշգրտությունը stugum.emis.am հարթակում։ Սա անհրաժեշտ նախապայման է՝ գործընթացի անխափան կազմակերպման և խնդիրներից խուսափելու համար։

Հունիսի 9-ից 22-ը հայտագրման գործընթացը հասանելի կլինի առաջնահերթություն ունեցող երեխաների համար՝ այդ թվում այն երեխաների, որոնց քույրերն ու եղբայրները սովորում են տվյալ դպրոցում կամ որոնց ծնողները տվյալ դպրոցում աշխատում են որպես ուսուցիչ։ Նույն ժամանակահատվածում հայտագրման հնարավորություն կունենան նաև այն ծնողները, որոնք պետական աշխատողներ են և առնվազն 6 ամիսով գործուղված են տվյալ բնակավայր։

Հունիսի 24-ից սկսվում է հայտագրման երկրորդ փուլը՝ հասանելի մնացած բոլոր երեխաների համար։ Չնայած հայտագրումը բաց է ամբողջ տարվա ընթացքում, ծնողները պետք է ուշադիր լինեն և օգտվեն համակարգից հենց այն բացվելու պահին, քանի որ դպրոցներում տեղերը սահմանափակ են՝ պայմանավորված լիցենզիայով նախատեսված քանակից։

Այս տարվանից գործում է նաև նոր կարգ, համաձայն որի 6 տարեկանից բարձր երեխաները պետք է հաճախեն իրենց տարիքին համապատասխան դասարան։ Այս դեպքում ընդունելության ընթացակարգը փոխված է, և ծնողները պետք է դիմում գրեն տվյալ դպրոց՝ երեխային ընդունելու համար։

Ակնկալվում է, որ այս տարի առաջին դասարան կհաճախի ավելի քան 30 հազար երեխա։ Սակայն նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ միջինում շուրջ 3000 երեխա չի հաճախում դպրոց առաջին տարում։ Պատճառները տարբեր են. որոշ դեպքերում խնդիրները կապված են երեխայի զարգացման առանձնահատկությունների հետ, բայց լինում են նաև իրավիճակներ, երբ ծնողները պարզապես չեն կարևորում երեխայի՝ ժամանակին դպրոց հաճախելը։

Դիմելով հարցին, թե արդյոք չեն առաջանա դժվարություններ այն երեխաների համար, որոնք առանց առաջին դասարան հաճախելու միանգամից կմտնեն երկրորդ դասարան, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ նման ռիսկեր կան նոր օրենքի հետ կախված՝ ըստ որի՝ 7 տարեկան երեխաները միանգամից կսովորեն երկրորդ դասատանում։ Նրա խոսքով՝ «դպրոցները ստացել են հանձնարարականներ՝ այսպիսի երեխաների հետ լրացուցիչ աշխատանք կատարելու և կրթական գործընթացին նրանց լիարժեք ներգրավելու համար»։

Սեդա Մարտոյան