
Ռուսաստանն ուզում է հյուպատոսություն բացել Հայաստանում
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ Կապանում հյուպատոսություն բացելու հարցում Մոսկվան սպասում է Երևանի պատասխանին։ Սրա մասին նա ռուս պաշտոնյան հայտարարել է նոյեմբերի 27-ին ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ընթացքում։
Զախարովան նաև հավելել է, որ «բարեկամ երկրի և ընդհանուր առմամբ տարածաշրջանի ապագա անվտանգության շահերից ելնելով՝ ակնկալում ենք, որ մեր գործընկերությունը Հայաստանի հետ ՀԱՊԿ շրջանակներում լիովին կվերականգնվի»։
2020 թվականի պատերազմից հետո հայ-ռուսական և Հայաստանի ու ՀԱՊԿ-ի հարաբերությունները քաղաքական դաշտում փոփոխվել են։ Հարաբերությունները սրվեցին, մասնավորապես, երբ ռուս խաղաղապահ ուժերը տեղակայվեցին Արցախում և ընդամենը 1 ամիս անց Ադրբեջանի զինված ուժերը գրավեցին ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում գտնվող Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը։
2022 թվականի մարտի 24-ին ադրբեջանական ուժերը գրավեցին ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում գտնվող Փառուխ գյուղը և հարակից Քարագլուխ բարձունքը։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ ռազմական ագրեսիա սկսեցին ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության ողջ տարածքում, որի արդյունքում զոհվել են 200-ից ավել արցախցիներ, այդ թվում խաղաղ բնակիչներ՝ ծերեր և մանկահասակներ։ Էթնիկ զտումների նպատակով իրականացված ռազմական ագրեսիայի ողջ ընթացքում ռուսական խաղաղապահները կանխարգելիչ որևէ գործողություն չիրականացրին։ Արդյունքում Արցախի գրեթե ողջ բնակչությունը, 100 հազարից ավելի տեղաբնիկ էթնիկ հայեր ստիպված եղան լքել Արցախը։
Հարաբերությունները ավելի վատթարացան, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համաշխարհային հայկական երկրորդ գագթնաժողովի ժամանակ հայտարարեց, թե ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ Հայաստանի անվտանգության, Հայաստանի հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար։
Չնայած քաղաքական դաշտում առկա լարվածությանն ու հարաբերություններին՝ հայ-ռուսական տնտեսական հարաբերությունները պատմական ցուցանիշի են հասել, քանի որ առևտրաշրջանառությունը հասել է 9 մլրդ 760 միլիոն դոլարի։
Տնտեսական տեսանկյունից պետք է նշել, որ Հայաստան ներմուծվող ցորենի հիմնական մատակարարը Ռուսաստանն է։ Հայաստանի մաքսային ծառայության տվյալներով՝ 2023 թվականին ներկրվել է 343,6 հազար տոննա ցորեն, որի 99 տոկոսը՝ Ռուսաստանից։