ՀայաստանՍոցիալական

«Երասխ-1» զորամասը կվերադարձվի պետությանը

2024 թվականի նոյեմբերի 29-ին Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը և անվավեր ճանաչել շուրջ 60 միլիոն արժողությամբ «Երասխ-1» զորամասն օտարելու մասին 2009 թվականի հունվարի 13-ին կնքված առուվաճառքի պայմանագիրը։

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը նախորդ տարվա ապրիլի 28-ին հայց էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան։ Նրանք պահանջել էին անվավեր ճանաչել Արարատի մարզի Արմաշ գյուղում գտնվող՝ «Երասխ-1» զորամասի շուրջ 2200 քմ մակերեսով զորանոցը և այլ շինությունները, ինչպես նաև 1,2 հա մակերեսով հատուկ նշանակության հողամասն օտարելու մասին Պաշտպանության նախարարության և Էդգար Արշակյանի միջև 2009 թվականի հունվարի 13-ին կնքված առուվաճառքի պայմանագիրը և որպես հետևանք՝ Էդգար Արշակյանի անվամբ կատարված իրավունքի գրանցումը:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2023 թվականի փետրվարի 2-ին հայտնել էր, որ Արարատի մարզի Արմաշ համայնքի ղեկավարը 2005 թվականին անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով Պաշտպանության նախարարությանն է տրամադրվել Արարատի մարզի Արմաշ համայնքի Երևանյան խճուղու 24/1 հասցեում գտնվող 1,2 հա մակերեսով և նույն խճուղու 1/4 Գ հասցեում գտնվող 0,9 հա մակերեսով «հատուկ նշանակության» հողամասերը: Դրանցից առաջինի՝ «Երասխ-1» զորամասի կարգավիճակ ունեցող հողատարածքի վրա առկա են եղել զորամասի շտաբը՝ 252,8 քմ մակերեսով, զորանոցը՝ 366,4 քմ մակերեսով, ճաշարանը՝ 186,9 քմ մակերեսով, 630,6 քմ ընդհանուր մակերեսով շինությունը, ծածկը, ակումբը, կաթսայատունը, սանհանգույցը, հսկիչ անցագրային կետերը, իսկ երկրորդի՝ «Երասխ-2» զորամասի կարգավիճակ ունեցող հողատարածքի վրա՝ զորամասի շտաբը՝ 212,7 քմ մակերեսով և 782,2 քմ ընդհանուր մակերեսով շինությունը, ծածկերը, ճաշարանը, պահեստը, սանհանգույցը:

Հայտնի է դարձել, որ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը զորամասը շահադիտական նպատակով դարձրել է այլ անձինը։ Վատնման եղանակով հափշտակել է դրանք։ Նա հանձնարարել էր կադաստրային արժեքից անհամեմատ էժան գնով օտարել «Երասխ-1» զորամասի տարածքը։ Սեյրան Օհանյանը կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման բաժնի պետ Արմեն Հակոբյանին լիազորել էր հանդես գալ Պաշտպանության նախարարության անունից, որի հիման վրա, չբացահայտելով իրական գնորդին՝ 2009 թվականին Արմեն Հակոբյանի և զորամասի հրամանատար Գրիգորի Խաչատուրովի հետ փոխկապակցված անձ Էդգար Արշակյանի միջև կնքվել է առքուվաճառքի պայմանագիր։ Շուրջ 11 մլն դոլար արժեք ունեցող զորամասը փաստացի վաճառվել է Գրիգորի Խաչատուրովին, սակայն այն գրանցվել է Էդգար Արշակյանի անվամբ։

Գրիգորի Խաչատուրովը դրանից հետո երկու անգամ զորամասի տարածքը գրավադրել է «Ակբա բանկ»-ում։ Նա ստացել է առանձնապես խոշոր չափերով գումար և այդ եղանակով օրինականացրել է նշված գումարի հանցավոր ծագումը:

Սեյրան Օհանյանը նաև օտարել է «Երասխ-2» զորամասը՝ կադաստրային արժեքից անհամեմատ էժան գնով։ Զորամասի տարածքը գնահատվել է 7,5 մլն դոլար, սակայն վաճառվել է ընդամենը 2,5 մլն դոլարով։

Սեյրան Օհանյանը հիշյալ հողատարածքներն օտարելու վերաբերյալ հրաժարվել է ցուցմունք տալուց, միևնույն ժամանակ, օգտվելով իր իրավունքից, վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ որևէ դիրքորոշում հայտնելուց։