
Մինչև 2024 թվականի ավարտը կհայտարարվի «Սուրմալուի» մոտ մետրոյի կայարանի կառուցման նախագծի մրցույթը
«Սուրմալու» առևտրի կենտրոնի հարակից տարածքում մետրոյի կայարանի կառուցման նպատակով նախագծի մրցույթ կհայտարարվի մինչև 2024 թվականի ավարտը։ Սրա մասին նշվել է Երևանի քաղաքապետարանի դեկտեմբերի 2-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։
«Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրեն Անետա Բաբայանը հայտնել է, որ նախագիծը ներկայացվել է միջազգային գործընկերներին՝ առաջարկություններ, դիտարկումներ անելու համար, քանի որ պատրաստվում են միջազգային մրցույթ անցկացնել նախագծման և տեխնիկատնտեսական ուսումնասիրության աշխատանքների ձեռքբերման համար: Հիմա նախագիծը լրամշակվում է։
Նոյեմբերի 11-ին Երևանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշվել էր, որ բանակցություններ են տարվում միջազգային կառույցների հետ ծրագրի հավանական ֆինանսավորման շուրջ։ Առաջիկայում պատրաստվում են միջազգային կառույցները տեղական այց ունենալ։
Մետրոյի կառուցման աշխատանքները դեռ 2018 թվականից են սկսվել քննարկվել։ Առաջարկվող կայարանը նախատեսվում է կառուցել «Սասունցի Դավիթ» և «Զորավար Անդրանիկ» կայարանների միջև։ Ակնկալվում է, որ կթեթևանան երթևեկության հոսքերը, կկրճատվի ավտոմեքենաների քանակը, կկարգավորվեն մարդկային հոսքերը և տրանսպորտային խնդիրները, կապահովվի մետրոյի զարգացումը։ Նոր մետրոյի կառուցումը նաև հարակից տարածքների տնտեսական զարգացմանը կնպաստի։