
Կանխատեսվում է, որ Հայաստանի պետական պարտքը կգերազանցի 13 մլրդ դոլարը
Եվրասիական զարգացման բանկի երկրների վերլուծության կենտրոնի ղեկավար Մարինա Սոբոլևսկայան նշել է, որ Հայաստանի պետական պարտքի ընթացիկ ծավալը վտանգ չի ներկայացնում տնտեսության համար։
Նախորդ ամիս ներկայացրել էինք, որ Հայաստանի ներքին պետական պարտքը և արտաքին պետական պարտքը գրեթե հավասարվել են։ Ֆինանսների նախարարության կողմից հրապարակված տվյալներից պարզ է դառնում, որ հունիսից-սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում ներքին պետական պարտքը ավելացել էր շուրջ 300 միլիոն դոլարով՝ կազմելով 6 մլրդ 205 միլիոն դոլար։
Արտաքին պարտքը, չնայած հունիս-օգոստոս ամիսների ընթացքում աճել էր, բայց սեպտեմբերին այն օգոստոսի համեմատ նվազել էր շուրջ 4 միլիոն դոլարով՝ կազմելով 6 միլիարդ 295 միլիոն դոլար։ Ընդհանուր առմամբ՝ Հայաստանի պետական պարտքը 12 մլրդ 496 միլիոն դոլար է։
ԵԱԶԲ-ի կանխատեսման համաձայն` Հայաստանի պետական պարտքի ծավալը 2024 թվականի վերջին 5,037 տրլն դրամից կհասնի 5,914 տրլն դրամի (մոտ 13,972 մլրդ դոլար՝ ֆինանսների նախարարության հաշվարկային փոխարժեքով)։ ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի հարաբերակցությունը 49.8%-ից կաճի մինչև 53.5%: Պարտքի սպասարկման ծախսերը, ներառյալ վարկերի և պարտատոմսերի վճարումները, կկազմեն 394.1 մլրդ դրամ (մոտ 1,015 մլրդ դոլար):